ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն իր պատմական, բնական շահերն ունի Հարավային Կովկասում, իսկ ԱՄՆ–ն ու Եվրամիությունը «բացարձակ թքած ունեն» այդ տարածաշրջանի ճակատագրի վրա, նրանք ցանկանում են դուրս մղել ՌԴ–ին և իրենց վերահսկողությունը հաստատել:
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն, փորձելով միջնորդի դեր ստանձնել, ոչինչ չեն կարողացել հորինել։ Նրանք օգտագործել են մեր մշակումները, բայց խեղաթյուրել են դրանց էությունը՝ խաղաղ գործընթացն իրենց համար հարմարեցնելու հույսով, մինչդեռ նրանց իրական թիրախն ակնհայտ է։ Նրանք ուզում են տարածաշրջանը վերահսկողության տակ վերցնել, դուրս մղել ՌԴ-ին, ձեռքի հետ՝ Իրանին ու Թուրքիային, լարվածության հերթական օջախ ստեղծել»,- հայտարարել է Զախարովան, հայտնում է «Նովոստի–Արմենիան»։
Նա հավելել է, որ ՌԴ–ն, ի տարբերություն արևմտականների, շահագրգռված է, որ Հարավային Կովկասը լինի անվտանգ, կայուն ու բարգավաճ։
«Մենք այնտեղ ներկա ենք, ունենք մեր շահերը՝ բնական, պատմական, տնտեսական, հումանիտար, ֆինանսական և այլն»,–ասել է նա։
Զախարովան հայտարարել է, որ «ՌԴ–ն պատրաստ է զարգացնել այդ տարածաշրջանը, քանի որ դա իր շահերից է բխում և կայունության ու անվտանգության երաշխիք է»։
«Ռուսական կողմը պատրաստ է առաջիկայում ևս համակողմանի աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ կայուն խաղաղության ու բարգավաճման հաստատման նպատակով՝ եառկողմ պայմանավորվածությունների հիման վրա»։