AM
14 November 2024 - 08:46 AMT

ԱՄՆ հետախուզության տնօրեն նշանակված Գաբարդը եղել է Արցախում,՝ Բաքվի սև ցուցակում է

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համախոհը դարձած նախկին դեմոկրատ կոնգրեսական Թուլսի Գաբարդին որոշել է նշանակել ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում, գրում է CNN-ը։

2017 թվականի սեպտեմբերին, դեռևս կոնգրեսական լինելու ընթացքում, Գաբարդը ԱՄՆ օրենսդիրների հետ այցելել է Հայաստան ու Արցախ, եղել Ստեփանակերտում ու Շուշիում, հանդիպել Արցախի պաշտոնյաների հետ։ Այս այցը հարուցել էր պաշտոնական Բաքվի դժգոհությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» էր անվանել ամերիկացի օրենսդիրների այցը Լեռնային Ղարաբաղ և հայտարարել, որ նրանք ներառվել են սև ցուցակում, գրում է Factor.am-ը։

Գաբարդը նաև դատարպարտել է Ադրբեջանի ագրեսիան ու մեղադրել Թուրքիային 2020 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմը հրահրելու և խրախուսելու մեջ։ 2019 թվականին Գաբարդը ԱՄՆ մի քանի այլ սենատորների և Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների հետ համահովանավորել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։

Գաբարդը, որը բանակի ազգային գվարդիայի վետերան է, 2020 թվականին հայտ էր ներկայացրել դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածուի մրցապայքարում, սակայն հաջողության չէր հասել։ Դրանից հետո՝ 2022 թվականին, նա հայտարարել էր, որ հեռանում է Դեմոկրատական կուսակցությունից: Նա քարոզարշավ է անցկացրել Թրամփի հետ և ծառայել նրա անցումային թիմում:

Գաբարդն օգնել է Թրամփին Քամալա Հարիսի հետ սեպտեմբերի նախընտրական բանավեճին պատրաստվելիս։

«Ես գիտեմ, որ Թուլսին մեր հետախուզական համայնքին կբերի այն անվախ ոգին, որը ցույց է տվել նրա վաստակավոր կարիերան՝ պաշտպանելով մեր սահմանադրական իրավունքները և ապահովելով խաղաղությունը ուժի միջոցով»,- ասել է Թրամփը:

Նախընտրական արշավի վերջում Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ու բռնի տեղահանման ենթարկվեցին Արցախում։ Երբ դառնամ [ԱՄՆ] նախագահ, կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել էր Թրամփը: