Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Իրանի փոխնախագահ Շինա Անսարիի հետ հանդիպմանը «մտահոգություն» է հայտնել, թե Հայաստանը, իբր, աղտոտում է Արաքս գետը։
Ալիևն ասել է, թե Հայաստանի լեռնամետալուրգիական արդյունաբերության ձեռնարկությունները «թափոնները լցնում են Արաքս գետը, ինչը բացասական ազդեցություն է ունենում գետի բնապահպանական վիճակի վրա», գրում է APA–ն։
Ալիևը և Անսարին անդրադարձել են Կասպից ծովի բնապահպանական խնդիրներին, Կասպից ծովում ջրի մակարդակի իջեցմանը:
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, շարունակելով նույն թեզը, նույնպես մեղադրանքներ էր հնչեցրել՝ ասելով, թե, իբր «Հայաստանի կողմից վնասակար նյութերի արտանետումներն անդրսահմանային գետեր՝ աղտոտում են Կասպից ծովը»։
Մինչդեռ նոյեմբերի 12–ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի վրա` ԱՄՆ ակտիվ աջակցությամբ։ Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը այդ մասին չէին հայտնել։