AM
18 November 2024 - 09:10 AMT

ԱՄՆ 2 սենատոր Բաքվում աջակցություն է հայտնել ՀՀ–ին․ Փալոունը լքել է Բաքուն սպառնալիքների պատճառով

ԱՄՆ դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուսը և Էդ Մարքին COP29-ի շրջանակում Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին: Այդ մասին գրել է Reuters-ը։

Նրանց մեկնաբանությունները հնչել են ի պատասխան Բաքվի հեռուստաընկերության լրագրողի հարցի, որը հետաքրքրվել է, թե ինչու Միացյալ Նահանգները ջանքեր չի գործադրում «Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու» համար, հայտնում է Հանրային ռադիոն։

«Կարծում եմ՝ ես և սենատոր Մարքին աջակցում ենք Հայաստանին, երկուսս էլ: Մենք շատ ենք ցավում, որ այդքան շատ հայ է տեղահանվել։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզմունքից, որ հայերն են դրա մեղավորը։ Ես չեմ ուզում ինձ հյուրընկալող երկրում մարդու իրավունքների վրա կանգ առնել: Բայց եթե դա լիներ թեման, ես շատ հաճոյախոս չէի լինի»,- ասել է սենատոր Ուայթհաուսը:

Իսկ հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոունին, որը բազմաթիվ հանդիպումներ ուներ նախատեսված, դիմավորել են բողոքի ցույցերով ու սպառնալիքներով, նրան թույլ չեն տվել դուրս գալ հյուրանոցից և նա չեղարկել է հանդիպումները, գրում է APA–ն։

Փալոունը լքել է Բաքուն սպառնալիքների և հարձակումների պատճառով։

Նշվում է նաև, որ Փալոունին դուր չի եկել հյուրանոցի ընտրությունը, որի համար նա խստորեն կշտամբել է իր օգնականներին, քանի որ պատուհանից երևում էր 44–օրյա պատերազմից հետո Բաքվում բացված տխրահռչակ «ռազմավարի զբոսայգին»։

Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը նշել է, որ Բաքվում COP29–ի մասնակիցները կարող են պահանջել այցելել հայ պատանդներին և կոչ անել ազատ արձակել նրանց։