Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ ՀԱՊԿ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, պատասխանատվության գոտում իրավիճակի զարգացումը թելադրում է այդ կազմակերպության Հավաքական ուժերի վիճակի գնահատման անհրաժեշտություն։ Նա այդ մասին ասել է «ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության և անվտանգության ոլորտում գիտական գործունեության կիրառական ասպեկտները» խորագրով միջազգային ռազմագիտական համաժողովում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակը մեզանից պահանջում է անաչառ և համակողմանի գնահատել հավաքական ուժերի վիճակը, վերլուծել և համակարգել ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության և անվտանգության ապահովման ոլորտում առկա խնդիրները»,- ասել է Բելառուսի ՊՆ ղեկավարը։
Խրենինն ասել է նաև, որ «ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների անմիջական հարևանությամբ տեղակայվում են ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգի տարրեր, ծավալվում են լրացուցիչ զորախմբեր»։