AM
21 November 2024 - 12:12 AMT

Բելգիացի քաղգործիչները կոչ են արել Բաքվին անհապաղ և անվերապահորեն ազատել բոլոր հայ գերիներին

Բաքվում ընթացող COP29-ի առիթով Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի և Բրյուսելի խորհրդարանների 20 անդամ դիմել է Ադրբեջանի կառավարությանը և COP29-ին մասնակից Բելգիայի կառավարության պատվիրակությանը` երեք հիմնական պահանջներով. ազատություն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն և ադրբեջանական ուժերի դուրսբերում ՀՀ օկուպացված տարածքից, ինչպես նաև ՀՀ դեմ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի զսպում։

Հայտարարությունը ստորագրվել է Բելգիայի հիմանական քաղաքական կուսակցությունների կողմից՝ MR, Les Engagés, DéFI, N-VA, CD&V, Vooruit և Groen։ Առաջին երեքի դեպքում հայտարարությունը ստորագրել են անձամբ կուսակցությունների ղեկավարները, հայտնում է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։

Բելգիացի քաղաքական գործիչները նախ շեշտել են, որ իբրև COP29-ը ընդունող երկիր՝ Ադրբեջանը պարտավոր է շոշափելի հավատարմություն ցուցաբերել մարդու իրավունքների, մարդու արժանապատվության և արդարության հիմնարար սկզբունքներին։ Այնուհետև նրանք նշում են իրենց պահանջները՝ հիշեցնելով 2020 թվականի դեկտեմբերի 16-ից հետո Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի և Վալոնիայի խորհրդարանների կողմից ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձևերը։

Այդ, ինչպես նաև 2021 թվականի մայիսից և 2024 թվականի հոկտեմբերից հետո Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին համահունչ՝ բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում.

· անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

· Ապահովել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության՝ ներառյալ վանքերի խաչքարերի անձեռնմխելիությունը։ Զերծ մնալ դրանց ալբանացումից, ինչպես նաև պատմական վերանայումներից։

· Զերծ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետությունում օկուպացված տարածքներից։

Բացի այդ, համահեղինակները Բելգիայի կառավարության պատվիրակությանը կոչ են արել COP29-ին մասնակցության ընթացքում գործել վերը նշված խորհրդարանական բանաձևերի ոգուն համահունչ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է այս նախաձեռնությունը՝ նշելով. «Մենք երախտապարտ ենք հայտարարության համահեղինակներին, որոնց թվում են խոշոր քաղաքական կուսակցությունների նախագահները, բարձրաստիճան խորհրդարանականները և օրենսդիր մարմնի բոլոր մակարդակների ներկայացուցիչներ։ Անհրաժեշտ է ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ մղելու նրանց հարգել միջազգային նորմերը և գործել դրանց համապատասխան։ Այս հայտարարությունը ընդգծում է այդ անհրաժեշտությունը և հստակ ուղերձ է, որին COP29-ին մասնակից բելգիական պատվիրակությունը պետք է հավատարիմ մնա։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը կշարունակի իր հավատարմությունը արդարությանն ու խաղաղության հաստատմանը և միշտ կձգտի ընդգծել այդ նպատակներին հասնելու համար բովանդակալից և անմիջական գործողությունների անհրաժեշտությունը»:

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։