AM
21 November 2024 - 12:59 AMT

IDRW․ ՀՀ–ն բանակցում է Հնդկաստանի հետ ևս 78 միավոր ATAGS հրետանային համակարգեր գնելու շուրջ

Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանի Bharat Forge ընկերության ATAGS հրետանային համակարգերի նոր պատվերի համար։ Այդ մասին գրել է Indian Defence Research Wing (IDRW)-ը։

Հաղորդվում է, որ Հայաստանը քննարկումների մեջ է Kalyani Strategic Systems Limited-ի (KSSL)՝ Bharat Forge-ի պաշտպանական ստորաբաժանման հետ, 78 առաջադեմ քարշակային հրետանային համակարգերի (ATAGS) գնման համար, հայտնում է Factor.am-ը։

Նշվում է, որ այս ամենը հետևում է Հայաստան 6 միավոր ATAGS-ի մատակարարմանը, որոնք բացառիկ արդյունավետություն են դրսևորել երկրի բազմազան լանդշաֆտներում:

Ըստ պարբերականի՝ հաուբիցների առաջին խմբաքանակը լայնածավալ փորձարկում է անցել Հայաստանի բարձր լեռնային տեղանքում և հարթավայրերում։ Փորձարկումները հաստատել են մեծ հեռավորության վրա հարվածների ճշգրտությունը և բարձր հուսալիությունը, ինչը Հայաստանի իշխանություններին ստիպել է մտածել ավելի մեծ խմբաքանակի գնման մասին:

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. գործակցության պլանը։ Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր ե զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաե Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։ Նշվում էր, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք ե զինամթերք։ Այնուհետե հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։