AM
22 November 2024 - 08:31 AMT

Բայդենը վրդովվել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԳ որոշումից, Բորելն այն պարտադիր է համարում

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ շարժման հրամանատար Իբրահիմ Ալ Մասրիի ձերբակալելու որոշումը հակասական արձագանքներ է ստացել աշխահի երկրների ղեկավարների կողմից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովվել է Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու որոշումից։

«ՄՔԴ կողմից Իսրայելի ղեկավարների ձերբակալման որոշումը վրդովեցնող է։ Թույլ տվեք մեկ անգամ ևս հստակ հայտարարել՝ ինչ էլ ենթադրի ՄՔԴ–ն, Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը չեն կարող դրվել նույն հարթակի վրա։ Մենք միշտ կլինենք Իսրայելի կողմից, նրա անվտանգության սպառնալիքների դեմ»,–ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակման մեջ, գրում է Deutsche Welle-ն։

Մինչդեռ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելն ասել է, որ այդ որոշումը քաղաքական չէ, այլ իրավական, և որ ԵՄ բոլոր երկրները պետք է այն «հարգեն ու կատարեն»։

ՄՔԴ որոշումը ողջունել են նաև Ֆրանսիան, Իտալիան, Բրիտանիան, Ավստրիան, Արգենտինան։

Ողջունողների թվում է նաև Թուրքիան։ Այդ երկրի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը «կարևոր քայլ է» անվանել ՄՔԴ որոշումը։

Մինչդեռ Իսրայելը ՄՔԴ անդամ չէ և Նեթանյահուն ու Գալանտը չեն կարող ձերբակալվբել երկրի ներսում, սակայն, դա կարող է տեղի ունենալ որևէ երկիր այցելելու դեպքում։ Ինքը Նեթանյահուն ևս մեկնաբանել է այդ որոշումը՝ «մութ օր» անվանելով որոշման ընդունման ամսաթիվը մարդկության համար։

«Դա հակասեմական քայլ է, որի նպատակը մեկն է՝ հետ պահել ինձ, մեզ թշնամիներից պաշտպանվելու մեր բնական իրավունքից», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, թե ՄՔԴ–ն՝ Միջազգային քրեական դատարանը, կորցրել է լեգիտիմությունը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր տալով։

Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր Է դուրս գրել՝ մարդկության դեմ և ռազմական հանցագործությունների համար, որոնք կատարվել են 2023–ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը: Դատարանը մերժել Է Իսրայելի փաստարկները, որը փորձել է վիճարկել ՄՔԴ-ի իրավասությունը: