Ադրբեջանը հազարից ավելի տեսահսկող սարքեր է տեղադրել ՀՀ հետ սահմանին՝ սահմանազատված հատվածում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ ուժերի «Ղազախ» դիվիզիայի հրամանատար Միսիր Ալիևը, գրում է Trend.az-ը։
Տեսախցիկները տեղադրվել են Ադրբեջանի հսկողության տակ անցած գյուղերում, որոնք սահմանակից են ՀՀ Տավուշի մարզին։
«Ղազախի շրջանի Բաղանիս Այրում, Աշաղի Ասկիպարա, Խեյրիմլի և Ղըզըլղաջիլի գյուղերում տեղադրված տեսահսկման սարքերը վերահսկում են Հայաստանի հետ պայմանական սահմանի մեծ մասը, ինչպես նաև Վրաստանի հետ սահմանի մի մասը։ Հեռավար կառավարմամբ տեսախցիկները զգալիորեն նպաստում են օպերատիվ իրավիճակի լիարժեք վերահսկմանը»,–ասել է նա։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12․7 կմ երկարությամբ սահմանագիծը։ Նախքան սահմանազատման գործընթացը սկսելը պաշտոնական Բաքուն Երևանից պահանջել էր անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը, որոնք էլ փոխանցվել են ադրբեջանական կողմին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմաթիի հռչակագրի համաձայն։ Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում էին հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։