AM
26 November 2024 - 13:17 AMT

Պուտինի կոչը՝ թույլ չտալ ապակայունացում ԱՊՀ–ում և հարևանությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԱՊՀ երկրների հետախուզություններին թույլ չտալ ապակայունացում ԱՊՀ–ում և հարևանությամբ։ Նա այդ մասին ասել է ԱՊՀ երկրների Անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20–րդ նիստի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում։ Նրա խոսքն ընթերցել է ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Նա կարևորել է ԱՊՀ երկրների հետախուզությունների կառուցողական փոխգործակցությունը ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում, գրում է ՏԱՍՍ–ը։

«Անհրաժեշտ է թույլ չտալ իրավիճակի ապակայունացում ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ հարևան տարածաշրջաններում։ Իսկ դրա համար, ինչպես և նախկինում, պետք է բացահայտել կոլեկտիվ անվտանգությանը սպառնացող ցանկացած բացասական միտում, կանխատեսել դրանց զարգացումը, փոխանակվել տեղեկատվությամբ և աշխատանքային փորձով», – ասել է Պուտինը։

Նա վստահություն է հայտնել, որ խորհրդակցությունը նշանակալի հանգրվան կդառնա գործընկերության խորացման գործում՝ ի շահ ԱՊՀ պետությունների և ժողովուրդների, ինչպես նաև կօգնի ԱՊՀ տարածքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: