ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25–ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։
«Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, նիստը հայկական կողմի խնդրանքով կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, բայց կնախագահի ՀՀ վարչապետ Փաշինյանը»,- հայտարարել է դիվանագետը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ուշակովը նաև ասել է, որ ՌԴ–ում հուսով են, որ Հայաստանը վաղ թե ուշ կվերադառնա աշխատանքին ՀԱՊԿ շրջանակում, գրում է ՏԱՍՍ–ը։
Նա նշել է, որ ՌԴ–ն հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որով նա կասեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ–ին։ Սակայն, Երևանը շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ և նրա համար բաց են ՀԱՊԿ միջոցառումների բոլոր դռները։
«Կասկածի տակ չենք դնում իրենց քաղաքականությունն ինքնուրույն որոշելու հայ գործընկերների իրավունքը։ Դե յուրե Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և պահպանում է բոլոր իրավունքներն ու պարտականությունները»,–ասել է նա։
«ՀԱՊԿ աշխատանքներին ֆիզիկապես վերադառնալու համար դռները ՀՀ համար բաց են, մենք հուսով ենք, որ ՀՀ ներկայացուցիչները, վաղ թե ուշ, կվերսկսեն համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակում»,–ասել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։
ՌԴ–ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և ներկայացուցիչների հանդիպմանը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։