AM
27 November 2024 - 12:29 AMT

ՌԴ–ն դեռ օգնություն չի խնդրել ՀԱՊԿ–ից՝ ATACMS–ի հարվածների հետ կապված

ՌԴ–ն դեռ օգնություն չի խնդրել ՀԱՊԿ–ից՝ ATACMS–ի հարվածների հետ կապված։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Նա ասել է, որ կազմակերպության օրակարգում չկա առանձին հարց` կապված ՌԴ տարածքին ATACMS–ի հարվածների հետ, գրում է ՏԱՍՍ–ը։

«Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում օգնության տրամադրումը, այդ թվում՝ ռազմական, իրականացվում է անդամ պետության խնդրանքով։ Ինչպես գիտեք, այդ նորմն արդեն իսկ կիրառվել է գործնականում։ Տվյալ պահի դրությամբ ՌԴ–ից նման հարցում չենք ստացել»,–ասել է նա։

Տասմագամբետովը նաև ասել է, որ անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ պետությունների անվտանգության ապահովման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը։

«ՀԱՊԿ նիստի օրակարգում չկա առանձին հարց կապված ՌԴ տարածքին ATACMS–ի հարվածների հետ, սակայն երկրները կքննարկեն անվտանգային իրավիճակը ՀԱՊԿ–ում և նրա սահմաններին, և դա կընդգրկի կազմակերպության պատասխանատվության բոլոր երեք շրջանները՝ Արևելաեվրոպական, Կովկասյան, Կենտրոնասիական»,–ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նոյեմբերի 26–ին ասել է, որ ՌԴ–ն հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որով նա կասեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ–ին, սակայն, Երևանը շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ և նրա համար բաց են ՀԱՊԿ միջոցառումների բոլոր դռները։

«ՀՀ ներկայացուցիչները, վաղ թե ուշ, կվերսկսեն համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակում»,–ասել է նա։