AM
27 November 2024 - 12:53 AMT

Կանադայի հայ դատ․ Չենք կարող թույլ տալ, որ հայ գերիների և նրանց ընտանիքների ձայները խեղդվեն լռության մեջ

Կանադայի հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից ավելի քան 24 հայ ռազմագերու և քաղաքացիական անձանց կալանավորումը միայն միջազգային իրավունքի խախտում չէ, դա նաև հիշեցում է, թե որքան փխրուն կարող են լինել մարդու իրավունքները չզսպված ագրեսիայի դեմ։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ մարդկանց և նրանց ընտանիքների ձայները խեղդվեն լռության մեջ»,– ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ գերիների հարցը ոչ միայն աշխարհաքաղաքական է, այլև արդարության սկզբունքնրի և մարդկային կյանքի արժեքի մասին է, նաև՝ որ ապօրինի կերպով կալանքի տակ պահվող և անմարդկային վերաբերմունքի ենթարկվող այդ անձինք օգտագործվում են որպես քաղաքական լծակ՝ վտանգավոր գործընթացների վրա ազդելու նպատակով։

«Դա ուղղակիորեն հակասում է միջազգային, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիաներին, որոնք պահանջում են մարդասիրական վերաբերմունք և ռազմագերիների արագ ազատ արձակում՝ մարտական գործողությունների դադարեցումից հետո։

Այժմ առավել, քան երբևէ, ժամանակն է, որ համաշխարհային առաջնորդները, կազմակերպությունները և անհատները միավորվեն և պատասխանատվություն պահանջեն»,–ասվում է հայտարարության մեջ։