AM
27 November 2024 - 14:48 AMT

Բաքուն «ռազմավարական գործընկեր» Լեհաստանի նախագահի այցը ՀՀ–Ադրբեջան սահման «հակաադրբեջանական» է անվանել

Ադրբեջանում հիստերիա է բարձրացել այցով ՀՀ–ում գտնվող Լեհաստանի նախագահի Երասխ այցելության կապակցությամբ, որտեղ վերջինս ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Ադրբեջանի ԱԳՆ–ն «ռազմավարական գործընկեր» Լեհաստանի նախագահի այդ քայլը «հակաադրբեջանական» է անվանել և խոստացել է «քայլեր ձեռնարկել»։

«Հայաստանում ԵՄ առաքելության անդամների ընկերակցությամբ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտի, ցավոք, ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Trend-ը։

Նշվում է, որ Ադրբեջանը խորապես ափսոսում է, որ պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկեր» հանդիսացող երկրի նախագահը մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակ–շոուին», որը հանգեցրել է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրման։

Նշվում է նաև, որ չնայած ադրբեջանցի պաշտոնյաների կողմից Լեհաստանի նախագահի աշխատակազմ և ԱԳՆ հղած բազմաթիվ մեսիջներին, լեհական կողմը զերծ չի մնացել այդ «սադրիչ քայլից»։

«Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պատշաճ դիվանագիտական միջոցներ ձեռնարկելու այս ոչ բարեկամական գործողության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Երասխ և պարեկություն իրականացրել ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների, մասնավորապես՝ առաքելության կազմում ընդգրկված լեհերի հետ։ ՀՀ–ում Եվրամիության առաքելության ղեկավարը Մարկուս Ռիտերն է, իսկ տեղակալը՝ լեհ Մարեկ Կուբերսկին։

Դուդան մինչ այդ մասնակցել է Բաքվում անցկացված COP29–ին և հանդիպել է այդ երկրի նախագահի հետ։