AM
29 November 2024 - 06:59 AMT

Վրաստանը մինչև 2028-ը չի բանակցի ԵՄ անդամակցության շուրջ. Ցուցարարներին ցրել են ջրցաններով

Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028թ․ և հրաժարվում է կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ կառավարության անդամների և «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի հետ խորհրդարանական մեծամասնության հանդիպումից հետո։

Դրանից մի քանի ժամ առաջ նորընտիր խորհրդարանը վստահություն էր հայտնել կառավարության նորացված կազմին Կոբախիձեի գլխավորությամբ, հայտնում է Sputnik Georgia-ն։

«Մենք այսօր որոշում ենք կայացրել դադարեցնել ԵՄ–ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028թ․ և նույն ժամանակահատվածի համար հրաժարվում ենք ԵՄ–ից բյուջետային դրամաշնորհներից»,–ասել է Կոբախիձեն։

Նա հավելել է, որ ԵՄ–ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը օգտագործվում է Վրաստանի դեմ շանտաժի համար, ինչպես դա տեղի է ունեցել նաև թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրման դեպքում։

Նա հավելել է, որ այդ որոշումը չի նշանակում, որ Վրաստանը հրաժարվում է եվրաինետգրումից՝ նշելով, որ Թբիլիսին կկատարի բոլոր ստանձնած պարտավորություններն առանց ԵՄ ֆինանսական աջակցության։

Մինչ այդ, նույն օրը՝ նոյեմբերի 28–ին Եվրախորհրդարանը հերթական կոշտ բանաձևն էր ընդունել Վրաստանի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ երկրում հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները «ժողովրդավարությունից հետընթացի ևս մեկ դրսևորում էր»։ Ըստ բանաձևի՝ զանգվածային կեղծիքներ են եղել, ուստի միջազգային հանրությունը չպետք է ճանաչի այդ ընտրությունների արդյունքները և պետք է կոչ անի Վրաստանին նոր ընտություններ անցկացնել մեկ տարվա ընթացքում։

Կոբախիձեի հրապարակած որոշումը բողոքի ալիք է բարձրացրել երկրում՝ ցույցեր են տեղի ունեցել Թբիլիսիում, Քութաիսում, Բաթումում։

Թբիլիսիում բողոքի ակցիան անցնում էր «Վրացական երազանքի» կենտրոնակայանի մոտ, որտեղ տեղի է ունեցել երկրի ղեկավարության հանդիպումը և որտեղ Կոբախիձեն արել է իր հայտարարությունը, ինչպես նաև Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի առջև։

Ռուսթավելիի պողոտայում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանության միջև։ Մասնակիցներին ցրել են արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ։ Ըստ ՆԳՆ հաղորդագրության, բերման է ենթարկվել 43 մարդ։

Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը սատարում է ընդդիմությանը, իր նստավայր է հրավիրել ԵՄ երկրների դեսպաններին։ Նստավայր են եկել նաև ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները։

Զուրաբիշվիլին մեղադրել է երկրի իշխանություններին «սահմանադրական հեղաշրջման» մեջ և կոչ է արել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին օգնել իրեն և ընդդիմությանը հասնելու նոր խորհրդարանական ընտրությունների նշանակմանը։

Նախագահն ասել է, որ իրենց որոշմամբ Վրաստանի իշխանությունները հաստատել են արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը Եվրոպայից դեպի ՌԴ։

Ըստ BBC-ի, ակցիաներին հազարավոր մարդիկ են մասնակցել։

Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023–ի դեկտեմբերին, սակայն այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո ԵՄ-ն հայտարարել է, որ Վրաստանի անդամության հարցը փաստացի կասեցված է։ ԵՄ–ն հայտարարել է նաև, որ նվազեցնում է շփումները Վրաստանի իշխանությունների հետ և կասեցնում է ֆինանսական աջակցությունը Թբիլիսիին։