AM
29 Նոյեմբեր 2024 - 12:42 AMT

Գալուզին․ Մոսկվան հավատարիմ է Երևանի հետ պայմանավորվածություններին, այդ թվում՝ ռազմաքաղաքական

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ է Երևանի հետ պայմանավորվածություններին, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում։ Այդ մասին նա հայտարարել է «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովում։

«Մոսկվան եղել և այժմ էլ հավատարիմ է պայմանավորվածությունների ամբողջ համալիրին ինչպես երկկողմ, այնպես էլ եվրասիական տարածքում։ Մենք չենք հրաժարվում դաշնակիցների առջև մեր պարտավորություններից, այդ թվում ռազմաքաղաքական ոլորտում։ Մենք տարիներով միասին ենք կառուցել անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում։ ՌԴ դերն այդ առումով միշտ եղել է և կլինի պահանջված՝ հատկապես, հաշվի առնելով դինամիկ իրավիճակը տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում։ Պատրաստ ենք Երևանի հետ բաց և առարկայական խոսակցության այդ ակտուալ թեմայով»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Գալուզինն ասել է, որ ՌԴ–ն անկեղծորեն բարձր է գնահատում ՀՀ և նրա ժողովբրդի հետ հարաբերությունները։

«Մենք միշտ աշխատում ենք շատ խնամքով մոտենալ ռուս–հայկական դաշնակցային հարաբերություններին։ Մեր երկրների միջև կապերը հիմնված են բարեկամության բազմադարյա ավանդույթների, ընդհանուր պատմության, մշակույթների և արժեքների համակարգի, ինչպես նաև բազմաթիվ նյութական գործերի և նախագծերի վրա»,–ասել է Գալուզինը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ՀՀ պատվիրակության բացակայությունը Աստանայում մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ անի անվտանգության ոլորտում։ Պուտինը նաև հայտարարել է, որ «ՀԱՊԿ–ը Երևանի փոխարեն չէր կռվելու Ղարաբաղում»։ Նա ասել է, որ ՀԱՊԿ–ը չպետք է միջամտեր Ղարաբաղի հակամարտությանը, քանի որ դրա ընթացքում Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել։