AM
29 November 2024 - 14:35 AMT

Պետդումայի փոխխոսնակ․ Առանց ՌԴ-ի ՀՀ–ն չի պահպանվի որպես պետություն

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, որը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովին, ասել է, որ ՌԴ–ին և ՀՀ–ին կապում են ընդհանուր պատմությունը, մարդկային բարեկամությունը, փոխըմբռնումը, ինչպես նաև տնտեսական համագործակցությունը։

Նա հավելել է, որ առանց Ռուսաստանի ՀՀ–ն չի պահպանվի որպես պետություն, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է խաղալ այն կանոններով, որոնք իրենց թելադրում է Արևմուտքը։ Բայց Ռուսաստանը կհաղթի Արևմուտքի հետ գլոբալ դիմակայությունում, ուստի, ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ այն ընտրությունը, որը նրանք կկատարեն, կլինի հօգուտ մեր դարավոր բարեկամության։ Եվ ուզում եմ ասել, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի պահպանվի որպես պետություն», – ասել է Պետդումայի պատգամավորը։

Նա նաև ընդգծել է, որ պատմականորեն Ռուսաստանը երբեք կոշտ կանոններ և դոգմաներ չի պարտադրել իր կազմի մեջ մտնող կամ իր հետ դաշնակցող ժողովուրդներին՝ խոսքը միշտ եղել է համատեղ գործերի, ընդհանուր անվտանգության մասին, և պատմության մեջ եղել են պահեր, երբ Ռուսաստանը օգնության է հասել ու, փաստորեն, փրկել Հայաստանը:

«Ինձ թվում է, որ մեր ընդհանուր պատմությունը նույնպես պետք է ազդի այն ընտրության վրա, որն այսօր կատարում է երիտասարդ սերունդը, այն ընտրության վրա, որը սկզբունքորեն կկատարի Հայաստանը: Հասկանալի է, որ «Եվրոպական երազանքի» ճնշման ներքո շատ ես ուզում հայտնվել Եվրոպայում։ Կամ իսկապես ուզում ես դառնալ Մոնտե Կառլո: Ցավոք, ընկերներ, նման բան չի լինի», – կարծիք է հայտնել ռուս խորհրդարանականը։

«Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովը միավորող հարթակ է երկու երկրների կարծիքի առաջնորդների և երիտասարդների համար, որոնց գործունեությունն իրականացվում է քաղաքականության, գիտության, կրթության, ԶԼՄ-ների և մշակութային-հումանիտար համագործակցության ոլորտներում: Միջոցառման շրջանակներում անցկացվում են թեմատիկ նստաշրջաններ, երկկողմ նախագծերի շնորհանդեսներ, ինչպես նաև կնքվում են համագործակցության համաձայնագրեր: