AM
29 November 2024 - 14:36 AMT

Լավրովը հիշեցրել է ՀՀ և ՌԴ համար ընդհանուր պատմական տարեթվերի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում մեկնարկած «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում հիշեցրել է երկու ժողովրդի համար ընդհանուր պատմական տարեթվերի, մասնավորապես՝ Հաղթանակի 80-ամյակի և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի կնքման 200-ամյակի մասին: Նախարարի ուղերձն ընթերցել է նրա տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Ակնկալում եմ, որ մեծ ուշադրություն կդարձնեք մեր ընդհանուր պատմության այնպիսի հիշարժան տարեթվերին, ինչպիսիք են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի ստորագրման 200-ամյակը»,- հայտարարել է Լավրովը, հայտնում է Sputnik Արմենիան։

ՌԴ արտգործնախարարը նշել է համաժողովի կարևորությունն ու արդիականությունը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ միջոցառումը թույլ կտա համակողմանի վերլուծել ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների առանցքային ասպեկտները, նախանշել դրանց զարգացման ուղիները, իսկ ամենակարևորը՝ ներդրում ունենալ երկու եղբայրական ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման գործում:

«Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովը միավորող հարթակ է երկու երկրների հեղինակավոր անձանց և երիտասարդների համար, որոնք գործունեություն են իրականացնում քաղաքականության, գիտության, կրթության, ԶԼՄ-ների և մշակութային-հումանիտար համագործակցության ոլորտներում: Միջոցառման շրջանակում անցկացվում են թեմատիկ նստաշրջաններ, երկկողմ նախագծերի շնորհանդեսներ, ինչպես նաև կնքվում են համագործակցության փաստաթղթեր: