Նոյեմբերի 28–ի երեկոյան և լույս 29–ի գիշերը Թբիլիսիում շարունակվել են բողոքի ցույցերը կառավարության որոշման դեմ, որով կասեցվում են ԵՄ–ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։ Բողոքի երկրորդ օրը նույնպես բախումներ են եղել ոստիկանության հետ, ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառել, 107 մարդ բերման է ենթարկվել:
ՆԳՆ–ն հայտնել է ոստիկանության շրջանում 10 տուժածի մասին։
Ռուսթավելիի պողոտայում մի քանի տասնյակ հազար մարդ էր հավաքվել՝ ցուցարարները նույնիսկ ավելի շատ էին, քան նախորդ օրը, հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ ցուցարարներից ոմանք հարվածում էին խորհրդարանի շենքի մետաղյա ցանկապատին, իրավիճակը պարբերաբար թեժանում էր նաև հարևան՝ Ապրիլի 9–ի անվան փողոցում, որտեղ կենտրոնացած էր ոստիկանությունը, ինչպես նաև շենքի հակառակ կողմում։
Ցուցարարները բարիկադներ են կազմել աղբամաններից և նստարաններից՝ պաշտպանվելու համար ջրցաններից։ Շատերը եղել են ակնոցներով և դիմակներով՝ արցունքաբեր գազից պաշտպանվելու համար։ Տուժածների թվում կան լրագրողներ և օպերատորներ։
Ակցիան ավարտվել է լուսադեմին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է սատարել ցուցարարներին։
Հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի Պատրիարքարանը՝ կոչ անելով ոստիկանությանն ու ցուցարարներին զերծ մնալ փոխադարձ վիրավորանքներից և բռնությունից, հայտնում է Sputnik-georgia-ն։
Ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028թ․ և որ ԵՄ–ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը օգտագործվում է Վրաստանի դեմ շանտաժի համար, ինչպես դա տեղի է ունեցել նաև թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրման դեպքում։ Նա հավելել է, որ այդ որոշումը չի նշանակում, որ Վրաստանը հրաժարվում է եվրաինետգրումից՝ նշելով, որ Թբիլիսին կկատարի բոլոր ստանձնած պարտավորություններն առանց ԵՄ ֆինանսական աջակցության։
Կոբախիձեի հրապարակած որոշումը բողոքի ալիք է բարձրացրել երկրում՝ ցույցեր են տեղի ունեցել Թբիլիսիում, Քութաիսում, Բաթումում։
Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023–ի դեկտեմբերին, սակայն այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո ԵՄ-ն հայտարարել է, որ Վրաստանի անդամության հարցը փաստացի կասեցված է։ ԵՄ–ն հայտարարել է նաև, որ նվազեցնում է շփումները Վրաստանի իշխանությունների հետ և կասեցնում է ֆինանսական աջակցությունը Թբիլիսիին։
Նոյեմբերի 28–ին Եվրախորհրդարանը հերթական կոշտ բանաձևն էր ընդունել Վրաստանի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ երկրում հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները «ժողովրդավարությունից հետընթացի ևս մեկ դրսևորում էր»։ Ըստ բանաձևի՝ զանգվածային կեղծիքներ են եղել, ուստի միջազգային հանրությունը չպետք է ճանաչի այդ ընտրությունների արդյունքները և պետք է կոչ անի Վրաստանին նոր ընտություններ անցկացնել մեկ տարվա ընթացքում։