AM
30 November 2024 - 11:49 AMT

«Գանձասարի» գլխավոր խմբագիր․ Հալեպի մեծ մասը գրավված է, հայերի շրջանում զոհեր չկան

Նոյեմբերի լույս 30–ի գիշերվա ընթացքում թուրքամետ արմատական խմբավորումները գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, որտեղ մեծ հայ համայնք կա։ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը հայտնել է, որ հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան։

«Գիշերն անորոշության մեջ է անցել։ Բախումների ձայներ էին լսվում։ Ցերեկն արդեն պարզ էր, որ ընդդիմադիրները գրեթե ամբողջությամբ քաղաքի մեջ են, բանակի ներկայություն չենք տեսնում։ Առավոտյան արդեն բախումների ձայներ չկային»,- ասել է Պողոսյանը՝ հավելելով, որ բոլորը սպասողական վիճակում են, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք կոչ ենք արել բնակարաններից դուրս չգալ»,- նշել է Պողիկյանը։

Գրոհայինները փակել են նաև Հալեպ-Դամասկոս մայրուղին, որովհետև այն ևս գրավված է, հենց այդ ճանապարհով էլ նրանք քաղաք են մտել։ Պողիկյանի խոսքով՝ Հալեպից հնարավոր է մեկ այլ ճանապարհով դուրս գալ, առանձին մարդիկ կան, որ լքում են քաղաքը, ճանապարհին լուրջ խցանում է, բայց ընդհանուր տարհանում չի հայտարարվել։

Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը դեռ երեկ շտապ տարհանվել են։

Թուրքամետ արմատական խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Նրանք հայտարարել են Հալեպի քաղաքապետարանը գրավելու մասին: Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է Հալեպում 2019 թվականից գործունեություն իրականացնող ականազերծողների և բժիշկների մասնագիտական խմբի գործունեությունը․ հայ ականազերծողների ու բժիշկների խումբը վերադարձել է Հայաստան։