Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչն ասել է, որ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը երկրի համար դրական իմիջ չի ստեղծում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում նոյեմբերի 28-ին Աստանայում մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովին։
«Անշուշտ, անդամներից մեկի միտումնավոր բացակայությունը Հայաստանի համար դրական իմիջ չի ստեղծում», -ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը, գրում է Sputnik Բելառուսը։
Նա հավելել է, դա չի ազդում կազմակերպության ընդհանուր օրակարգի վրա։
Վոլֆովիչը նշել է, որ բոլոր այն հարցերը, որոնք քննարկվել և համաձայնեցվել են Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, ներկայացվել են պետությունների ղեկավարների քննարկմանը։
Նիստի ժամանակ ՀՀ պատվիրակութնան բացակայությանն էր անդրադարձել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ասել էր, որ ՀՀ պատվիրակության բացակայությունը բնութագրում է ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և ինչ–որ առումով՝ նաև կազմակերպությունում։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նոյեմբերի 26–ին ասել է, որ ՌԴ–ն հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որով նա կասեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ–ին, սակայն, Երևանը շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ և նրա համար բաց են ՀԱՊԿ միջոցառումների բոլոր դռները։ «ՀՀ ներկայացուցիչները, վաղ թե ուշ, կվերսկսեն համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակում»,–ասել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։