AM
5 December 2024 - 08:54 AMT

Ալիև. ՀՀ–ն պետք է «բանակցություններ սկսի արևմտյան ադրբեջանցիների» հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համայնքը հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց «հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ»։ Նա այդ մասին ասել է Բաքվում բացված խորհրդաժողովում, որն անցում է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում» խորագրով։

Խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները, հայտնում է APA-ն։

Ալիևն ասել է, թե համայնքը բազմիցս Հայաստանի կառավարությանը երկխոսության կոչ է արել, սակայն մյուս կողմը մերժել է։

Արցախում էթնիկ զտում իրականացրած, հայկական եկեղեցիներն ու վանքերը պղծելու և «հայալեզու գրությունները հեռացնելու» հրահանգ տված բռնապետը մեղադրանքներ է տեղացել ՀՀ հասցեին՝ ադրբեջանցիներին վերագրելով նույնիսկ Երևանի կենտրոնում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը։

Ալիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության մեջ իբր առկա «տարածքային պահանջների, Հայաստանի արագ սպառազինման և առասպելական Մեծ Հայաստանի մասին պատրանքների մասին», որոնք «խոչընդոտում են կայուն խաղաղության հաստատմանը երկու երկրների միջև։

«Հայաստանը պետք է թույլ տա, որ ՅՈւՆԵՍԿՕ–ն փաստահավաք առաքելություն իրականացնի՝ ադրբեջանական ժողովրդին պատկանող պատմական և մշակութային ժառանգության քանդման և խեղաթյուրման հետաքննության նպատակով»,–հայտարարել է Ալիևը։

Մինչդեռ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. «Նեղվում ենք, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։

Ֆրանսիայի դեսպանը Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի քարտեզը, որը գտնվում է Իրանի տարածքում։ Հրապարակմանը կից նա գրել է. «Միակն ու անկրկնելին»։