Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը, խոսելով ՀՀ հետ բանակցային գործընթացի մասին, ասել է, թե ՀՀ–ն պետք է հրաժարվի Բաքվի դեմ հայցերից միջազգային ատյաններում։ Նա այդ մասին խոսել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջոշուա Հաքի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը։
Նշվում է, որ փոխնախարարը տեղեկացրել է տարածաշրջանում իրավիճակի մասին հետկոնֆլիկտային շրջանում, գրում է APA-ն։
«Հանդիպմանը նշվել է, որ, չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում գրանցված զգալի առաջընթացին, ՀՀ Սահմանադրության, օրենսդրական ակտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ և դատարաններ ներկայացված հայցերում նկրտումներ են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ, և կարևորվել է այդ պահանջներից հրաժարվելը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Միայն վերջին երկու օրերին Ադրբեջանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ մի շարք պահանջներ են ներկայացրել ՀՀ–ին՝ հայցերից հրաժարվելու վերոնշյալ պահանջից բացի, ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ–ում խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։
Դեկտեմբերի 5–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։
Ընթերցեք նաև․ ՔՊ-ական․ Ալիևի հայտարարությունները չպետք է տպավորություն ստեղծեն, թե բանակցությունները մտել են փակուղի