Մալթայում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որտեղ խոսվել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին։ Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնում տագնապով են հետևում Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածների գործերին։
Ադրբեջանի քաղհասարակությունը ներկայացրել է քաղաքական իրավապաշտպան և էմիգրանտ, Էմին Հուսեյնովը։ Նա ասել է, որ հանդիպման ընթացքում պատմել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման, ակտիվիստների և լրագրողների ձերբակալությունների, իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի վերջին կալանավորման մասին, հայտնում է Turan.az-ը։
Ըստ Հուսեյնովի, Բլինքենը իրազեկ է եղել Սաֆարովի ձերբակալության մասին և նշել է, որ Վաշինգտոնում տագնապով են հետևում Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածների գործերին։
Հուսեյնովն ասել է, որ իրավապաշտպանների և լրագրողների արդեն սովորական դարձած ձերբակալություններից բացի, Ադրբեջանում նոր միտում է ի հայտ եկել՝ հետապնդում են նաև «հակապատերազմական ակտիվիստներին»:
Հուսեյնովը հանդիպմանն ասել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ԱՄՆ ինստիտուցիոնալ և քաղաքական աջակցությունն Ադրբեջանի քաղհասարակությանն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Հուսեյնովը նաև խնդրել է Բլինքենին ուշադրություն հրավիրել Եվրամիության երկրների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքներին աջակցելու մեծացման անհրաժեշտության վրա։
Հանդիպման հաջորդ օրը՝ դեկտեմբերի 6–ին, Ադրբեջանում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել, Meydan TV–ի 6 աշխատակից ձերբակալվել է «արտարժույթի ապօրինի ներմուծման» համար։