Ադրբեջանից կրկին հայտարարություններ են հնչում այն մասին, թե խաղաղության հասնելու համար «Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը»։ Այդ մասին հայտարարե,լ է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը «ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտները» միջոցառման ժամանակ, հայտնում է APA-ն։
Նա ասել է, թե ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ճանապարհին երկու հիմնական խոչընդոտ կա, սակայն, խոսել է միայն ՀՀ Սահմանադրության մասին։ Նա ասել է, թե «Հայաստանի Սահմանադրության մեջ որպես հիմք է ընդունված «Ղարաբաղը Հայաստանի մաս է» կետը»։
Մամեդովը կրկնել է այն թեզը, որ իրենք են նախաձեռնել խաղաղության մասին հիմնարար սկզբունքների մշակումը։
«Մենք համակողմանի քննարկումներ ենք անցկացրել՝ ԱՄՆ–ում, ՌԴ–ում և Ղազախստանում, և փորձել ենք խաղաղության համաձայնագիր մշկաել։ ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար երկու խոչընդոտ կա, որից մեկը ՀՀ Սահմանդրությունն է։ Այնտեղ որպես հիմք է ընդունված «Ղարաբաղը Հայաստանի մաս է» կետը»,–ասել է նա։
Միայն վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ մի շարք պահանջներ են ներկայացրել ՀՀ–ին՝ ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հնչեցրած՝ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պահանջից բացի, ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ–ում խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։