Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության հույսի շող կա։
Ըստ նրա՝ մոտ է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության հաստատումը, հայտնում է APA-ն։
«Խաղաղության ապահովումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և նոր հնարավորություններ կստեղծի։ Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին այս գործընթացում։ Մեր երկիրն աջակցում է կողմերի միջև բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմքով, առանց միջնորդների»,–ասել է նա։
Հարավային Կովկասում խաղաղության հնարավորության մասին խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ցանկություն հայտնելով, որ «ստեղծված պատմական հնարավորությունը հանգեցնի ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։
Միայն վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ մի շարք պահանջներ են ներկայացրել ՀՀ–ին՝ ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հնչեցրած՝ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պահանջից բացի, ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ–ում խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։