ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն ավարտել են բանակցությունները տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ: Այդ մասին հայտարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը և ԱՄԷ արտաքին առևտրի հարցերով պետնախարար Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդին, տեղեկացնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
«ԵԱՏՄ-ն ակտիվորեն տնտեսական գործընկերության ցանց է ձևավորում բարեկամ երկրների հետ։ ԱՄԷ-ի հետ համաձայնագիրը կարևոր հանգրվան է՝ հաշվի առնելով տարածաշրջանում այդ երկրի դերը որպես գլոբալ հաբի։ Համաձայնագիրը լրացուցիչ ազդակ կհաղորդի պետությունների միջև առևտրին, որն արդեն իսկ աննախադեպ աճ է ցուցադրում, ինչպես նաև համակարգային հիմք կստեղծի համագործակցային կապերի զարգացման համար»,- ասել է Սլեպնյովը։
Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդին ասել է, որ ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն արդյունավետ հարաբերություններ են զարգացնում՝ հիմնված երկարաժամկետ աճի և տնտեսական դիվերսիֆիկացիայի ակնկալիքների վրա։
Համաձայնագիրը պետք է համապատասխան ներպետական համաձայնեցման ընթացակարգեր անցնի։