AM
11 December 2024 - 10:51 AMT

2024-ին ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվը ՀՀ քաղաքացիների համար ավելացել է

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2024 թվականի B կարգի վիզա տրամադրելու մերժումների ցուցակը։ Դրանում նշված են երկրները և տվյալներ, թե այդ երկրների քաղաքացիների քանի տոկոսին է մերժվել ԱՄՆ զբոսաշրջային վիզայի տրամադրումը։ Ըստ հրապարակված տվյալների՝ ԱՄՆ զբոսաշրջային վիզա ստանալու համար մերժումների թիվը ՀՀ քաղաքացիների համար ավելացել է՝ հասնելով 59.46%-ի՝ նախորդ տարվա 51.49%-ի դիմաց։

Տարածաշրջանային երկրներից Ադրբեջանի քաղաքացիների համար վիզաների մերժման ցուցանիշը եղել է 21.46%, Վրաստանի քաղաքացիների համար՝ 41.44%, Թուրքիայի՝ 19.78%, Իրանի՝ 55.54%, հայտնում է Factor.am-ը։

Վիզաների մերժման հետ կապված իրավիճակը բարդ է նաև ԱՊՀ մյուս երկրների պարագայում։ 2024 թվականին Ղազախստանի քաղաքացիների համար մերժումներն ավելացել են մինչև 46.29% (2023 թվականին՝ 41.93%), Ուզբեկստանի պարագայում՝ 64.61% (59.56%)։ Միաժամանակ, նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում մերժման մակարդակը նվազել է։ Օրինակ՝ Բելառուսի քաղաքացիների համար այն նվազել է՝ 32.8%-ից հասնելով 28.79%-ի, Տաջիկստանի պարագայում՝ 54.96%-ից 45.24%:

Ռուսաստանի քաղաքացիների համար 2024 ֆինանսական տարում այս ցուցանիշը գրեթե անփոփոխ է մնացել 2023 թվականի համեմատ: Մերժման մակարդակը կազմել է 38.56%, ինչը նախորդ տարվա համեմատ (39.49%) ցածր է ընդամենը 1%-ով։

Աշխարհի բոլոր երկրներից մերժումների ճնշող մեծամասնությունը ստանում են Սոմալիի քաղաքացիները (77%)։ Իսկ ԱՄՆ տուրիստական վիզա ամենից հեշտ ստանում են ԱՄԷ-ի (1.46%), Կիպրոսի (2.16%) և Ռումինիայի քաղաքացիները (2.61%)։