Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը Բաքվում Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բողոքել է ՀՀ սպառազինումից։
«Հասանովը տեղեկացրել է թուրքական պատվիրակությանն ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին՝ ընդգծելով Հայաստանի վերազինման բացասական ազդեցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա»,–ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է Haqqin.az-ը։
Կողմերը խոսել են արդեն 15 տարի շարունակվող թուրք–ադրբեջանական համագործակցության դրական արդյունքների մասին։
Նույն օրը ՀՀ «ռազմականացման» մասին է խոսել նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը՝ նշելով, թե նրան սպառազինող հիմնական ուժերից է Ֆրանսիան, որը «մահաբեր զենք է փոխանցում Հայաստանին»։
Միայն վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ մի շարք պահանջներ են ներկայացրել ՀՀ–ին՝ ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հնչեցրած՝ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պահանջից բացի, ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ–ում խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը հայտարարել է, թե ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ–ում պետք է ավարտվի։