ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան ամեն ինչ արել է և կանի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման համար։
Նա նշել է, որ ՌԴ–ն կողմ է ՀՀ և Ադրբեջանի միջև շուտափույթ սահմանազատմանը, հայտնում է APA-ն։
«Մոսկվան հետևողականորեն սատարում է խաղաղության հաստատմանը Ադրբեջանի և ՀՀ միջև, խաղաղության պայմանագրի կնքմանը, Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային ուղիների բացմանը։ Մենք նաև հանդես ենք գալիս հայ–ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատման ու սահմանագծման օգտին։ Ինչպես նաև կողմ ենք նոր հիմքի վրա Բաքվի և Երևանի հարաբերությունների բազմակողմ զարգացմանը։ Հենց դրան են ուղղված եռակողմ հայտարարությունները, որոնք ստորագրել են ՌԴ, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները։ Ռուսաստանն ամեն հնարավորն արել է ու կանի դրանց իրականացման համար»,–ասել է նա։
Դեկտեմբերի 5–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։






