ԱՄՆ–ն ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում ճգնաժամի կարգավորման և երկրի ապագայի շուրջ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ավարտին։
Պետքարտուղարը հույս է հայտնել, որ Սիրիայի նոր իշխանությունները կհրաժարվեն ծայրահեղական խմբերի հետ համագործակցությունից և «սպառնալիք չեն լինի հարևանների համար», հայտնում է ՏԱՍՍ–ը։
Բլինքենը նաև ասել է, որ Սիրիայի նոր կառավարությունը պետք է պաշտպանի կանանց, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները։
Նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ: