ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան (2003-2016 թթ․) հայտարարել է, որ ՀՀ կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը հսկայական սխալ է։ Նա այդ մասին ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ Երևանը միշտ շատ մեծ օգնություն է ստացել Մոսկվայից և կազմակերպության անդամներից։
«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է` մասնակցել կամ դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Իրենք են որոշում, թե անվտանգության ապահովման ինչպիսի համակարգ է լինելու Հայաստանում, հենց բարձրագույն քաղաքական ղեկավարությունն է որոշում։ Եթե նրանք կարծում են, որ այդպես իրենց ավելի հարմար կլինի վարել իրենց անվտանգության քաղաքականությունը, ուրեմն դա իրենց իրավունքն է։ Կարծում եմ, որ դա հսկայակն սխալ է` հիմնված, առաջին հերթին, բացարձակապես ոչ հավաստի տվյալների վրա»,-ասել է Բորդյուժան։
Նա հավելել է, որ երբ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը խոսում է այն մասին, թե իրենք ոչ մի օգնություն չեն ստացել ՌԴ-ից, որ «Ռուսաստանը, քիչ է մնում ասեն` հեղաշրջումներ էր պատրաստում, իսկ ՀԱՊԿ-ից ոչ մի օգնություն չկար, դա բացարձակապես ճիշտ չէ»։
Բորդյուժան ասել է, որ իր աչքերի առաջ ճիշտ հակառակն է տեղի ունեցել։
«Թե Հայաստանի զինված ուժերը, թե բոլոր ուժային կառույցները հսկայական օգնություն էին ստանում Ռուսաստանի Դաշնությունից` կազմակերպչական, գիտատեխնիկական, աջակցություն սպառազինությամբ։ Պարզապես այդ տվյալները փակ են, եթե հաշվենք, թե որքան է Ռուսաստանը ներդրել Հայաստանի զինված ուժերում և ընդհանրապես Հայաստանում, ապա կարծում եմ, որ դա շատ-շատ լուրջ գումար կկազմի»,-ասել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ին անդամության հարցում, հավանաբար, անցել ենք անդառնալիության կետը:






