Դեկտեմբերի 17–ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։ Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Նա հայտնել է, որ պայթուցիկը տեղադրված է եղել ինքնագլորի վրա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Հարուցվել է քրեական գործ, պարզվում են բոլոր հանգամանքները։
Պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքի մոտ, վնասվել է մի քանի կայանած ավտոմեքենա, մինչև 4–րդ հարկի պատուհանները։
Գեներալը հանրային ճանաչում էր ստացել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, քանի որ հանդես էր գալիս լրագրողների համար ճեպազրույցներով։ Նա առանց ապացույցների պնդում էր, թե Կիևը մեղսակից է քիմիական և կենսաբանական զենքի մշակմանը, գրում է BBC-ն։
Ուկրաինան իր հերթին հայտարարել էր, որ գեներալը պատասխանատու է արգելված քիմիական զենքի «զանգվածային կիրառման» համար Ուկրաինայի «արևելյան և հարավային ճակատներում»։
Նշվում է, որ Կիրիլովը ճակատից հեռու սպանված ՌԴ ամենաբարձրաստիճան զինվորականն է։