Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) բանաձև է ընդունել, որով երկրի կառավարությանը կոչ է արվում խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և հավաքական վերադարձի հարցը քննարկելու համար։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը մերժել է նախաձեռնությունը։ Այդ մասին հայտնել է Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը:
Պատգամավորներն առաջարկել էին 2025 թվականին համաժողով կազմակերպել հայ բնակչության վերադարձի շուրջ բանակցությունների համար: Խորհրդարանի ստորին պալատը հավանություն էր տվել գաղափարին՝ Դաշնային խորհրդին կոչ անելով տարածաշրջանում քայլեր ձեռնարկել դիվանագիտական մակարդակով, հայտնում է Sputnik Արմենիան։
Խորհրդարանականները ցանկանում էին, որ այս համաժողովը թույլ տա երկխոսություն անցկացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ հայերի հավաքական վերադարձի նպատակով։
Արտաքին գործերի նախարարը, սակայն, դեմ է արտահայտվել։ Կասիսն ասել է, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորեն Հայաստանն ու Ադրբեջանը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։