AM
18 December 2024 - 10:18 AMT

Ալիև․ Երևանը պետք է փոխի Սահմանադրությունը՝ մինչև Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, պետք է փոխի Սահմանադրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համաձայնություն տա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նույն հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։

«Կա ևս 2 պահ, որոնք հայկական կողմը պետք է անի։ Առաջինը՝ փոխի իր Սահմանադրությունը, քանի որ այնտեղ հղում կա Անկախության հռչակագրին, որն, իր հերթին, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի հանդեպ, որտեղ նախկին ԼՂԻՄ–ը հայտարարվում է Հայաստանի մաս։ Ուստի Սահմանադրության փոփոխությունը մեր քմահաճույքը չէ, դա օբյեկտիվ պայման է»,–ասել է նա։

Նա հավելել է, որ Բաքվի 2–րդ պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։

«Քանի որ այդ հարցը կոնսենսուսով է լուծվում, առանց ՀՀ համաձայնության դա ձևականորեն անել անհնար է։ Թեև ԵԱՀԿ ՄԽ–ն վաղուց արդեն ֆունկցիոնալ չէ, սակայն ձևականորեն գոյություն ունի։ Եվ մեր հարցն այն է, որ, եթե ՀՀ–ն Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, իսկ ՄԽ–ն ստեղծվել էր ղարաբաղյան հարցի լուծման համար, ապա ինչի՞ համար է այն պետք։ Այն, որ ՀՀ–ն չի ցանկանում վերացնել ՄԽ–ն, մեզ հետ միասին դիմել ԵԱՀԿ–ին ՄԽ–ն լուծարելու հարցով, վկայում է այն մասին, որ ռևանշիզմի պլանները բավականին լուրջ են»,–ասել է Ալիևը։

Թեև Ալիևը հենց նույն հարցազրույցում հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի 2 կետ միայն համաձայնեցված չէ, նա անմիջապես ևս 2 նախապայման է առաջ քաշել ՀՀ առջև։

Միայն վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ մի շարք պահանջներ են ներկայացրել ՀՀ–ին՝ ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հնչեցրած՝ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պահանջից բացի, ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ–ում խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը հայտարարել է, թե ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ–ում պետք է ավարտվի։