AM
18 December 2024 - 13:36 AMT

ՌԴ ԳՇ պետ․ Մեծապես ՌԴ ջանքերի շնորհիվ է, որ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթաց կա

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը oտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Անդրկովկասում, և մեծապես այդ ջանքերի շնորհիվ են Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Ըստ նրա՝ ՌԴ գործողությունները հակազդում են տարածաշրջանում Արևմուտքի «ավերիչ գործողություններին», գրում է ՏԱՍՍ–ը:

«Ի տարբերություն Արևմուտքի ավերիչ գործողությունների, Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում։ Մեծապես մեր պետության ջանքերի շնորհիվ է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Բաքվի և Երևանի դրական առաջընթացն ակնհայտ է»,-ասել է նա։

Գերասիմովը հավելել է, որ ավարտվել է միջպետական սահմանազատման գծի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը` Ադրբեջանի Ղազախի և Հայաստանի Տավուշի շրջանների միջև։

Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Եվ հենց նույն հարցազրույցում, ինքն իրեն հակասելով, նա ևս 2 նախապայման է առաջ քաշել։ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, պետք է փոխի Սահմանադրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համաձայնություն տա։