AM
18 December 2024 - 13:38 AMT

Թուրքիայի հետ սերտ գործակցող Ալիևը բողոքել է ՀՀ սահմանին «ՆԱՏՕ–ի ենթակառուցվածքների ստեղծումից»

ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի հետ ռազմական ոլորտում սերտորեն համագործակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում բողոքել է հայ–ադրբեջանական սահմանին՝ սահմանի ՀՀ կողմից «ՆԱՏՕ–ի ենթակառուցվածքների ստեղծումից»։

Նա ասել է, թե եվրոպացի դիտորդների քողի տակ ՆԱՏՕ–ի ենթակառուցվածք է ստեղծվել;

Ըստ Ալիևի՝ եվրոպացի դիտորդների հարցը համաձայնեցվել էր Բաքվի հետ 2022–ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպայի խորհրդաի նախագահ Շառլ Միշելի և իր մասնակցությամբ քառակողմ հանդիպման ժամանակ։

«Այն ժամանակ մենք դեռ չէինք հեռացրել Ֆրանսիային կարգավորման գործընթացից։ Եվ պայմանավորվածություն կար, որ ԵՄ ներկայացուցիչների սահմանափակ կոնտինգենտը կտեղակայվի 2 ամսով։ Դրանից հետո առաքելության ժամկետը երկարացվեց առանց մեզ հետ համաձայնեցման»,–ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա հավելել է, որ հետո դիտորդների թիվը հասավ 200–ի։

«Ավելին, այդ առաքելությունը վերածվեց ՆԱՏՕ–ի առաքելության, քանի որ միացան նաև Կանադայի ներկայացուցիչները»,–ասել է նա։

ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և եվրոպական միության միջե Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Ըստ այդմ, ՀՀ–ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակներն ու անձնակազմը մաքսային և հարկային հարցերում ՀՀ իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն:

Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։