AM
18 December 2024 - 14:33 AMT

Արդյո՞ք ՌԴ-ն միջնորդել է, որ Հնդկաստանը զենք վաճառի Ադրբեջանին. Զախարովան պատասխանել է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հնդկական The Print պարբերականի տեղեկատվությունը, թե Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով տեղեկացրել է, թե ցանկանում է զենք գնել Նյու Դելիից, սակայն խնդրանքը, որը եկել էր «շատ բարեկամ երկրի միջոցով», անտեսվել է Հնդկաստանի կողմից։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք այդ «շատ բարեկամ երկիրը», ինչպես գրում են որոշ հայկական Telegram ալիքներ, եղել է ՌԴ-ն, Զախարովան պատասխանել է, որ հարցը ՌԴ-ի հետ որևէ առնչություն չունի, հայտնում է Factor.am-ը։

«ՀՀ-ում իշխանամետ Տելեգրամ ալիքները շատ բան են փորձում ներշնչել, եթե կարդանք, ինձ թվում է, կարելի է հիվանդանալ։ Այդ պատճառով ավելի լավ է դրանք չկարդալ, քանի որ այդպիսի հիմարություններ են տարածում։ Ձեր հարցը ՌԴ-ի հետ կարծում եմ որևէ առնչություն չունի»,- հայտարարել է Զախարովան։

Անդրադառնալով Հնդկաստանի հետ ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերություններին՝ Զախարովան նշել է, թե դա յուրաքանչյուր պետության գործն է ու ՌԴ կողմից մեկնաբանման առիթ դեռևս չկա։

Հնդկական The Print-ը գրել է, որ Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով տեղեկացրել է, որ ցանկանում է զենք գնել Նյու Դելիից։ Լրատվամիջոցը նշել էր, որ խնդրանքը, որը եկել էր շատ բարեկամ երկրի միջոցով, անտեսվել է Հնդկաստանի կողմից։ Ըստ աղբյուրի՝ Նյու Դելին հասկացրել է բարեկամ երկրին, որ Հնդկաստանն է որոշում իր երկկողմ հարաբերություններն ու առաջնահերթությունները, և չի ցանկանում, որ որևէ այլ երկիր միջնորդ լինի։