Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը հակադարձել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի «քննադատությանը» իր երկրի հասցեին՝ ակնարկելով, որ Ադրբեջանի քաղաքացիներն այլ կարծիքի են։
Իլհամ Ալիևը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում failed state էր անվանել Ֆրանսիան՝ ասելով, թե «Մակրոնի ռեժիմը երկիրը վերածում է failed state»–ի։
Ֆրանսիայի դեսպանը հեգնանքով է պատասխանել Ալիևին X-ի իր սոցցանցում, գրում է Turan.az-ը։
«Այս տարի վիզաների համար դիմումները Ֆրանսիայի դեսպանատուն կրկին աճել են։ Հետաքրքիր է, այդ դեպքում ինչո՞ւմ է «ձախողված» պետության նման գրավչությունը»։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր հերթին արձագանքել է ադրբեջանական մամուլի հրապարակումներին «ԱՄՆ վնասակար գործունեության» և այն մասին, թե «Բայդենի հեռացող վարչակազմն օգտագործում է մարդու իրավունքների գործոնն Ադրբեջանի դեմ՝ վախկոտություն ցուցաբերելով», գրում է Turan-ը։
«Կառավարության կողմից ազատ ԶԼՄ–ների և քաղհասարակության ճնշման վերաբերյալ միջազգային քննադատությունը միայն մեկ բան է նշանակում՝ որ կառավարությունը ճնշում է ազատ ԶԼՄ–ներն ու քաղաքացիական հասարակությունը։
Փաստ է, որ 2023–ի նոյեմբերից գրեթե 30 լրագրող և բլոգեր է ձերբակալվել։ Արդյո՞ք վախկոտություն է հարցնել, թե ինչի համար, թե փաստացի «վախկոտություն է» ադրբեջանական հանրության ուշադրությունն այդ փաստից շեղելու փորձը»,–ասվում է գրառման մեջ։