AM
20 December 2024 - 07:54 AMT

Փաուերը ողջունել է ՀՀ առաջընթացը ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների հարցում

Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը քննարկման ժամանակ ողջունել է ՀՀ առաջընթացը ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների հարցում։ Նա հայտարարել է, որ աշխարհում առկա բազմաթիվ մարտահրավերների և ցնցումների ֆոնին՝ Հայաստանի հետագիծը հազվագյուտ լուսավոր մի կետ է, որը սակայն շարունակում է մնալ անտեսված:

Փաուերը խոսել է հայաստանյան բարեփոխումներում՝ իր գլխավորած կառույցի` USAID ներդրման մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ըստ Սամանթա Փաուերի՝ հայաստանյան թավշյա հեղափոխությունից ի վեր Միացյալ Նահանգները մոտ 75%-ով ավելացրել է ֆինանսական օժանդակությունը Հայաստանին: Ընդհանուր՝ ավելի քան 70 միլիոն դոլարի հասնող Հայաստանում USAID-ի աջակցության փաթեթը ներառում է ժողովրդավարական կառավարման, հակակոռուպցիոն պայքարի, տնտեսական աճի, էներգետիկ և պարենային անվտանգության, սոցիալական ոլորտի, ազատ մամուլի վերաբերյալ ծրագրեր:

Նա նշել է, որ Հայաստանն այսօր այն փոքրաթիվ երկրներից է, որն ընդգրկվել է պետքարտուղարության և USAID-ի համատեղ Democracy Delivers նախաձեռնության մեջ, որը միտված է ավելի շատ քաղաքական ուշադրություն և ռեսուրսներ տրամադրել ակտիվորեն ժողովրդավարական բարեփոխումների ուղով շարժվող երկրներին:

«Հայաստանի արձանագրած ժողովրդավարական առաջընթացը արտահայտված է թվերով: 2018 թվականից առ այսօր Հայաստանը «Freedom House»-ի քաղաքացիական ազատությունների և քաղաքական իրավունքների վարկանիշով 132-րդ տեղից հասել է 90-րդ հորիզոնական: Սա մեծ առաջընթաց է կարճ ժամանակահատվածում»,- նշել է Փաուերը:

Սամանթա Փաուերը կարևորել է ամերիկյան օգնությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի կարիքներին արձագանքելու համար: Նրանցից մի քանիսի հետ նա հանդիպել էր Հայաստան կատարած այցի շրջանակում:

Փաուերը նաև ընդգծել է ԱՄՆ հանձնառությունը խաղաղության հաստատման հարցում:

«Կշարունակենք աջակցել Ադրբեջանի հետ կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու ջանքերին: Խաղաղություն, որը հիմնարար դեր ունի Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջանում երկարաժամկետ հեռանկարում կայունության և բարգավաճման համար»,- հայտարարել է Փաուերը:

Հանրային քննարկման մյուս բանախոսն էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, իսկ միջոցառման վարողը՝ Հայաստանում ԱՄՆ նախին դեսպան Մարիա Յովանովիչը: