AM
20 May 2009 - 15:22 AMT

Աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը հուլիսի 4-ին կպաշտպանի իր տիտղոսները

Անպարտելի հայ բռնցքամարտիկ, WBA եւ WIBF վարկածներով գերթեթեւ քաշային կարգում կին-պրոֆեսիոնալների շարքում աշխարհի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը (Killer Queen) հուլիսի 4-ին կպաշտպանի իր տիտղոսները: Մենամարտը տեղի կունենա «Color Line Arena»-ում «Universum Champions Night» բռնցքամարտի շոուի շրջանակներում Կենտիկյանի հարազատ քաղաքում` Համբուրգում:

«Ես գոհ եմ Ելենա Ռիդի դեմ իմ վերջին մարտից: Այդ օրը ես բարձունքում էի եւ Ռիդին ոչ մի հնարավորություն չտվեցի: Արդեն առաջին ռաունդում նկատելի էր, որ Ռիդը ընդունել է իր նկատմամբ իմ առավելությունը: Ինձ համար միեւնույնն է` ով կլինի իմ հաջորդ մրցակիցը: Ես ուզում եմ առաջ գնալ բռնցքամարտում եւ ապացուցել, որ ես արժանի կերպով հանդիսանում եմ աշխարհի չեմպիոնը»,- նշել է Կենտիկյանը:

WBA եւ WIBF վարկածներով գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի մրցակիցը կորոշվի մոտ օրերս:

Նշենք, որ Սյուզաննա Կենտիկյանը բոլոր 24 մենամարտերում հաղթանակ է տարել, որոնցից 16-ն ավարտել է նոկաուտով: Վերջին պաշտպանությունը տեղի է ունեցել Համբուրգում, որտեղ վստահ հաղթանակ է տարել ամերիկյան բռնցքամարտիկ Ելենա Ռիդի նկատմամբ: