AM
21 December 2024 - 07:41 AMT

Հունական «Էթնոսը» ծավալուն հոդված է հրապարակել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին

Հունաստանի «Էթնոս» պարբերականը հրապարակել է ծավալուն հոդված Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա տարածաշրջանային ու միջազգային նշանակության մասին։

Նշվում է, որ Հայաստանի այս նախաձեռնությունը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանային ինտեգրմանն ու տնտեսական զարգացմանը՝ կապելով Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքները, գրում է Արմենպրեսը։

Հոդվածում ընդգծվում է, որ Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կապող օղակի դիրքը զգալի ներուժ է բացում։

«Խաղաղության խաչմերուկի» միջոցով նախատեսվում է զարգացնել հաղորդակցությունը Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև՝ ներառելով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր։

Հոդվածի համաձայն՝ նախաձեռնության հիմնական նպատակներից է նպաստել տարածաշրջանային խաղաղության հաստատմանը՝ տնտեսական, քաղաքական և մշակութային ամուր կապերի միջոցով։

Հոդվածում շեշտադրվում է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը պահանջում է բաց սահմաններ և ենթակառուցվածքների զարգացում։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Ջորջ Գերապետրիտիսը ևս աջակցություն է հայտնել այս նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է լինել տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում։

Հոդվածում նշվում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը աջակցություն է ստացել մի շարք երկրների կողմից, ներառյալ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ֆրանսիան, Հունաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ Հոդվածում նշվում է, որ այս նախաձեռնությունը կարող է Հարավային Կովկասը վերածել միջազգային առևտրի և համագործակցության առանցքի։

Հոդվածում նաև ընդգծվում է տրանսպորտային միջանցքների դիվերսիֆիկացման կարևորությունը, ինչը հնարավորություն կտա Հայաստանը կապել Սև ծովի և Պարսից ծոցի տարածաշրջանները՝ ընդլայնելով ավտոմոբիլային փոխադրումների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման հնարավորությունները։

Հոդվածում եզրափակվում է, որ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարևոր ներդրում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։