AM
21 December 2024 - 09:08 AMT

Ֆիդան․ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պատմական հնարավորություն կա

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին, ասել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա։ Նա այդ մասին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ քննարկմանը։

Ֆիդանն ասել է, որ երրորդ կողմերը պետք է սատարեն այդ գործընթացին արդարացիորեն և անաչառ, հայտնում է Report.az-ը։

Նախարարները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում։ Ֆիդանն ասել է, որ Թուրքիան սատարում է ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցություններ սկսելուն՝ պատերազմին վերջն դնելու համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր վերապահումները՝ փաստացի չմերժելով դրանք։

Ալիևը նաև հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Նա նաև Ադրբեջանում 2025–ի համար նախատեսված և 5 մլրդ դոլար կազմող ռեկորդայիան ռազմական բյուջեի ընդունումն «արդարացրել է» Հայաստանի սպառազինմամբ Արևմուտքի կողմից։