AM
25 December 2024 - 12:01 AMT

Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում ակնկալում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, կմասնակցի դեկտեմբերի 26–ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակոնֆերանսի միջոցով։

«Հուսով ենք, որ վաղը նա կկարողանա մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

«Դա շատ կարևոր է։ Գիտեք, որ Հայաստանը կազմակերպության շատ կարևոր մասնակից է»,–ասել է նա։

Դեկտեմբերի 25–ի առավոտյան հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քովիդ է ախտորոշվել, նա չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»,–ասվում է գրառման մեջ։