Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ կարծիք հայտնելով, որ 4 տարի անց այն ամբողջությամբ իրականություն կլինի, հայտնում է Ermenihaber-ը։
Հաղորդավարը հարցրել է․«224 կմ Զանգեզուրի կապի համար Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգծի նախագիծը կա։ Երբ է այդ նախագիծը սկսելու»
«Բաքվից սկսեմ․ Բաքու-Թիֆլիս-Կարս երգաթուղին կա, որը սկսել է գործել 2017թվականից։ Մյուս գիծն էլ կրկին սկսվում է Բաքվից գալիս հասնում է Հայաստան կամ Իրան, սա դեռ կխոսենք, և շարունակվում, հասնելով է դեպի Կարս։ Այս նարնջագույն գիծը (ցույց է տալիս քարտեզի վրա), որը կա, այդ հատվածում աշխատանքներն ավարտվել են, Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահման ընկած հատվածի կառուցման աշխատանքները շարունակվում են»,–ասել է թուրք նախարարը։
Նա նշել է, որ Թուրքիայի մասում 224 կմ հատվածի մրցույթն արված է, ըստ եղանակային պայմանների, գարնանը կսկսվեն աշխատանքները։ Նախիջևանում մոտավորապես 178-180 կմ կա, դրա մի մասը կվերանորոգվի, մի փոքր հատված էլ կրկին կկառուցվի։ Այդ հատվածի վրա Ադրբեջանն է աշխատում։
Անդրադառնալով Հայաստանով անցումին՝ նախարարը մասնավորապես նշել է. «43 կիլոմետրանոց հատվածի, որը կոչում ենք Զանգեզուրի միջանցք, և 61 կիլոմետրանոց Իրանով անցումի վերաբերյալ Ադրբեջանը բանակցություններ է վարում։ Այդ ամենը հստակեցնելով՝ կշարունակենք մեր ճանապարհը։ Կարծում եմ, որ մոտ 4 տարի հետո այս միջանցքն ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք»։