AM
27 December 2024 - 14:44 AMT

Ադրբեջանցի նախարար․ Բաքու–Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտաքին միջամտության է ենթարկվել

Ադրբեջանի տրանսպորտի և թվային զարգացման նախարար Ռաշադ Նաբիևը հայտարարել է, որ Բաքու–Գրոզնի J2-8243 չվերթն իրականացնող ինքնաթիռի բեկորներն ու վկաների ցուցմունքները հիմք են տալիս ասելու, որ ինքնաթիրը «արտաքին միջամտության է ենթարկվել»։

Նա ասել է, որ ողջ մնացած ուղևորներն ու ուղեկցորդներն ասել են, որ պայթյունի ձայն են լսել, հայտնում է Haqqin.az-ը։

«Քննությունը կպարզի, թե ինչ զենքով է կատարվել այդ միջամտությունը։ Քննությունը նաև կպարզի, թե արդյոք ինքնաթիռը Մախաչկալայում վայրէջք կատարելու թույլտվություն է ստացել»,–ասել է նա։

«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարել է, որ Բաքու–Գրոզնի J2-8243 չվերթն իրականացնող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է «ֆիզիկական և տեխնիկական միջամտության պատճառով»։ Այդ մասին ասել են Аzal-ից, գրում է APA-ն։

Նշվում է, որ հաշվի են առնվել կատարված զննության նախնական արդյունքներն ու հնարավոր ռիսկերը թռիչքների անվտանգության համար։ Այդ պատճառով Բաքվից դեպի ՌԴ օդանավակայններ թռիչները դեկտեմբերի 28–ից կկասեցվեն։

Բաքու–Գրոզնի կործանված ինքնաթիռի ուղևորներից 35–ը ողջ է մնացել։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա։ «Ռոսավիացիայի» տվյալներովAzerbaijan Airlines ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25–ի առավոտյան, երբ թռչունների երամի հետ բախումից հետո անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Ակտաուի պահուստային օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։