Ադրբեջանը ՌԴ–ից փոխհատուցում է պահանջում Բաքու–Գրոզի չվերթն իրականցնող ինքնաթիռի կործանման համար, որի պատճառը եղել է «արտաքին միջամտությունը», ինչպես հայտարարել է Ադրբեջանը։ Բաքուն նաև պահանջում է ռուսական կողմից պատժել մեղավորներին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ ադրբեջանական կողմի այդ պահանջը դեկտեմբերի 27-ին պաշտոնապես փոխանցվել է ՌԴ–ին, գրում է Turan-ը։
«Առաջին հերթին Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից ավիավթարի համար, ինչը արվել է։ Երկրորդը, ՌԴ–ն պետք է ընդունի իր մեղքը։ Երրորդը՝ մեղավորները պետք է պատժվեն, ենթարկվեն քրեական պատասխանատվության, պետք է փոխհատուցում վճարվի ինչպես Ադրբեջանական պետությանը, այնպես էլ՝ տուժած ուղևորներին և անձնակազմի անդամներին։ Առաջին պայմանը կատավել է, հուսով եմ, մեր մյուս պայմաններն էլ կկատարվեն»,–ասել է նա։
Ալիևը հավելել է, որ ավիավթարի «վերջնական պատճառը» կպարզվի սև արկղերի պարունակության վերծանումից հետո։
«Սակայն նախնական վարկածներն էլ բավականին հիմնավոր են և հենվում են փաստերի վրա՝ առ այն, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռն արտաքին վնասվածք է ստացել ՌԴ տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել կառավարումը։ Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը ոչ կառավարելի վիճակի է բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Դա առաջին վնասվածքն էր, որ հասցվել է ինքնաթիռին։ Միևնույն ժամանակ, ցամաքից բացված կրակից խիստ տուժել է իքնաթիռի վերջնամասը»,–ասել է Ալիևը։
Ըստ նրա, այն փաստը, որ «ֆյուզելյաժն ամբողջությամբ վնասված էր, անհիմն է դարձնում թռչունների երամի հետ բախման վարկածը»։
Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից «ՌԴ օդային տարածքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ»։ Այդ մասին նա ասել է Ալիևի հետ դեկտեմբերի 28–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Պուտինն ընդունել է, որ այդ ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։
Ադրբեջանի տրանսպորտի և թվային զարգացման նախարար Ռաշադ Նաբիևը հայտարարել է, որ Բաքու–Գրոզնի J2-8243 չվերթն իրականացնող ինքնաթիռի բեկորներն ու վկաների ցուցմունքները հիմք են տալիս ասելու, որ ինքնաթիրը «արտաքին միջամտության է ենթարկվել»։ Ադրբեջանը չեղարկել է ՌԴ որոշ ավիաընկերություններին տրամադրված թույլտվությունները։ Այդ պատճառով «Ազիմուտ» ավիաընկերությունը չեղարկել է թռիչքներն Ադրբեջան Միներալնիե Վոդիից և Սոչիից։