AM
7 January 2025 - 06:47 AMT

Ադրբեջանում խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքերը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին խոսքերը վերագրելով այսպես կոչված ‹‹Զանգեզուրի միջանցքին››։ Իրանցի դիվանագետն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանը, վերահաստատել է այդ հարցում Թեհրանի դիրքորոշումը:

‹‹Իրանի դիրքորոշումն անփոփոխ է: Մենք ողջունում ենք տրանսպորտի ոլորտում համագործակցության աճը, սակայն ընդգծում ենք, որ երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն››,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը, հայտնում է Արմենպրեսը։

Իրանական Tasnim գործակալությունը, մեջբերելով Իրանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, հայտնում է, որ հայտարարությունը վերաբերել է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների համար առաջացած վառելիքի խնդրի մասին հարցին։

«Մեր և Թուրքիայի ջանքերը եղել են, նկատի ունենալով բարիդրացիությունը և հաշվի առնելով, որ երկու երկրների համար համար կարևոր է երթուղիներով ապրանքների փոխադրման հարցը, փորձել ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը։ Հավանաբար, շուտով մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա համապատասխան կառույցների և պահառության մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ՝ հարցը մոտիկից քննարկելու համար: Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի» -լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Էսմայիլ Բաղային։

Այդուհանդերձ, այս հայտարարությունն ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրել և ներկայացրել, իբր թե խոսքը այսպես կոչված ‹‹Զանգեզուրի միջանցքի›› մասին է։

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։ Նա նշել է, որ ցամաքային ճանապարհով Թուրքիան այլ թյուրքական երկրների հետ կապող «Զանգեզուրի միջանցքի» 43 կմ–ն անցնում է Հայաստանի տարածքով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չեն բացի։