Հայաստանն ու Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր, սակայն պայմանագրի կնքմանը, հավանաբար, կխոչընդոտեն Հայաստանում սահմանադրական փոփոխությունների, երկրների սահմանի ամբողջական սահմանազատման մանրամասների և տարանցիկ կապերի բացման շուրջ տարաձայնությունները, գրում է Stratfor–ը։
Ըստ վերլուծության, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել, Հարավային Կովկասում կպահպանվի սրման վտանգը, գրում է «Վեստնիկ Կավկազա»–ն։
Նշվում է, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կայուն կլինեն, սակայն, նշվում է, որ Հայաստանը աջակցություն է որոնելու արտերկրում, սակայն չի կարողանա այն ստանալ ԱՄՆ–ից, քանի որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «նախապատվությունը տալիս է Ադրբեջանի հետ ամուր կապերին»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր վերապահումները՝ փաստացի չմերժելով դրանք։
Ալիևը նաև հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Նա նաև Ադրբեջանում 2025–ի համար նախատեսված և 5 մլրդ դոլար կազմող ռեկորդայիան ռազմական բյուջեի ընդունումն «արդարացրել է» Հայաստանի սպառազինմամբ Արևմուտքի կողմից։