Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում հավաքված ֆրանսիացի դիվանագետների առջև իր ելույթում, խոսելով այն սպառնալիքներից, որոնց բախվում են ժողովրդավարությունները, ասել է, որ Ֆրանսիան վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում և հատկապես Նոր Կալեդոնիայում, քանի որ Ֆրանսիան պաշտպանում է միջազգային իրավունքը և Հայաստանին։
«Ռուսաստանը, կտրուկ փոխելով իր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ, աջակցեց Ադրբեջանի գործողություններին, քանի որ առաջին անգամ Հայաստանն ունեցավ խիզախ վարչապետ, որը դեմ կանգնեց իրեն։ Վրաստանում ՌԴ-ն իրադրությունն ակնհայտորեն ապակայունացրեց ու կեղծ ընտրական գործընթաց եղավ»,- մասնավորապես ասել է Մակրոնը, գրում է Factor.am-ը։
Նա հավելել է, որ Մոլդովայում նա նույն բանը փորձեց, սակայն ձախողվեց։
«Տասը տարի առաջ ո՞վ կարող էր հավատալ, եթե մեզ ասեին, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը կաջակցի նոր միջազգային հետադիմական շարժմանը և ուղղակիորեն կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում, ո՞վ կպատկերացներ դա։ Ահա սա է այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, և որտեղ մենք պետք է դիվանագիտ լինենք»,- հայտարարել է Մակրոնը, գրում է «Ազատությունը»։
Բաքուն սադրիչ է անվանել Մակրոնի հայտարարությունները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ասել է, թե «պատերազմն Ադրբեջանը մղել է իր ինքնիշխան տարածքներում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան», գրում է APA-ն։
Ըստ նրա, Ֆրանսիան կասկածի տակ է դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը և «ռևանշի է պատրաստում Հայաստանին՝ զինելով այդ երկիրը»։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։